Բաժին. Տնտեսական

Հունվար-մայիսին միջին աշխատավարձը կազմել է 178,4 հազար ՀՀ դրամ

Հունվար-մայիս ամիսներին մեր երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 178,42 հազար ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 11.6%-ով: Իրական աշխատավարձի աճը ավելի «համեստ է»՝ հաշվի առնելով հաշվետու ամիսներին գրանցված 5% գնաճը:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին պետական հատվածում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 158,44 հազար ՀՀ դրամ, իսկ մասնավոր հատվածում աշխատողներինը՝ 206,97 հազար ՀՀ դրամ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական աշխատողների անվանական աշխատավարձերն աճել են 14.6%-ով: Մասնավոր հատվածում աշխատավարձերի աճը կազմել է 8.4%:

Նշենք նաև, որ 2014 թվականի արդյունքներով Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել էր 171 հազար 120  ՀՀ դրամ: Նախորդ տարվա համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել էր 7.6%-ով, մինչդեռ իրական աշխատավարձի աճը եղել էր «սահմանափակ»: Հաշվետու տարում մեր երկրում տարեկան կտրվածքով գրանցվել էր 3.0% գնաճ:

Share