Բաժին. Տնտեսական

Ինչպե՞ս է փոխվել Եվրոպայի բնակչությունը 2001 թվականից ի վեր

Եվրոպայի օրակարգային խնդիրներից են միգրացիան և բնակչության թվաքանակի, ինչպես նաև կազմի ու կառուցվածքի փոփոխությունները: Գերմանական BBSR գործակալությունը ուսումնասիրել է 2001 թվականից ի վեր Եվրոպայի բնակչության տեղաշարժերը և արդյունքների հիման վրա կազմել քարտեզ: Այստեղ ներկայացված է 2001 թվականից մինչև 2011 թվականն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի բնակչության միջին տարեկան փոփոխությունները: Կապույտ գույնով առանձնացված տարածքներում գրանցվել է բնակչության թվաքանակի անկում, կարմիր գույնով առանձնացված տարածքներում՝ աճ, ընդ որում՝ գույնը որքան մուգ է, այնքան փոփոխությունն ավելի մեծ է: Դեղին գույնով առանձնացված են այն տարածքները, որտեղ բնակչության փոփոխություններ չնչին են:

Ըստ քարտեզի՝ Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, գրանցել են բնակչության թվաքանակի կտրուկ աճ, իսկ Արևելյան Եվրոպայի երկրները, այդ թվում՝ Ալբանիան, Բուլղարիան, Լատվիան, Ռումինիան, Հունգարիան, գրանցել են զգալի անկում: Բնակչության թվաքանակի նվազում գրանցվել է նաև Գերմանիայի, Իսպանիայի և Իտալիայի մի շարք շրջաններում:

Նշենք, որ այսօր Եվրոպայում ապրում է շուրջ 742.5 մլն մարդ: 

Քարտեզը մեծացնելու համար սեղմեք այստեղ:

Share