Բաժին. Տնտեսական

Մեկնարկել է «Տնտեսական օրակարգ» համաժողովը

Հունիսի 30-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը մեկնարկեց ՀՀ կառավարության կողմից կազմակերպված տնտեսական «Տնտեսական օրակարգ» համաժողովը:

Համաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման քաղաքականության ենթատեքստում կքննարկվեն Հայաստանի տնտեսական զարգացման առկա վիճակը, խնդիրներն ու մարտահրավերները:

«Տնտեսական օրակարգ» համաժողովին մասնակցում են ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ շահագրգիռ տարբեր գերատեսչությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ու մասնագիտական այլ կառույցների ներկայացուցիչներ:

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց ՀՀ կառավարության գործունեության, տնտեսական բարեփոխումների, արտաքին մարտահրավերների ընդհանրական վիճակը երկրում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն իր ելույթում ողջունելով համաժողովի մասնակիցներին նշեց`

«Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ գործարար և մասնագիտական շրջանակների հետ անկեղծ և կառուցողական   գործընկերային փոխհարաբերությունն արդեն իրողություն  է: Մասնագիտական մոտեցումների բազմազանության պայմաններում այս աննախադեպ  ձևաչափով քննարկումների կազմակերպումը, կարծում եմ, հիմնավորված լավատեսություն կհաղորդի նաև նոր զարգացումներ ապահովելու և մարտահրավերներին համարժեք և արդյունավետ արձագանքելու մեր հետագա համատեղ քայլերը  հաջողելու գործում»:

Նախարարն անդրադարձավ տնտեսության մի շարք ոլորտներին և բնագավառներին`  ներկայացնելով հետագա զարգացումներ ապահովելու գործընթացների առնչությամբ պատկերացումները և հիմնական սկզբունքները, որոնք առանցքային են ճյուղային, կառուցվածքային, ինստիտուցիոնալ զարգացման քաղաքականությունների մշակման և իրականացման համար:

Նա նաև նշեց, որ արտաքին աշխարհի հետ կոմունիկացիոն սահմանափակումները, ինչպես նաև բնական ռեսուրսներով ոչ այնքան հարուստ լինելը Հայաստանին պարզապես պարտադրում են հիմնվել հասարակության մտավոր կարողությունների վրա, կառուցել Գիտելիքի վրա հիմնված տնտեսություն` շարունակաբար խորացնելով գլոբալ տնտեսությանը ինտեգրվելու գործընթացներն ու աշխարհին առաջարկելով մեր մտավոր կարողությունների արգասիքը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նաև տեղեկացրեց, որ համաժողովի երկրորդ կեսին մասնակիցներին կներկայացվի «Հայաստանի կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. ինովացիոն առաջընթացի ուղին նախագիծը»: 

Share