Բաժին. Տնտեսական

Քննարկվել են Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության շրջանակում տեխնիկական կանոնակարգման ոլորտին առնչվող հարցեր

Հուլիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության շրջանակում տեխնիկական կանոնակարգման ոլորտի հարցերին նվիրված քննարկում:

Քննարկմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հրավերով Հայաստան ժամանած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) Կոլեգիայի անդամ, տեխնիկական կանոնակարգման նախարար Վալերի Կորեշկովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԵԱՏՀ կանոնակարգման և հավատարմագրման վարչության խորհրդականներ Վլադիմիր Շկոլինը, Վիգեն Ենոքյանը և ԵԱՏՀ այլ ներկայացուցիչներ:

Հայկական կողմից միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Էմիլ Տարասյանը և Գառնիկ Բադալյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ Լիլի Մաքսուդյանը, համապատասխանության գնահատման մարմինների, շահագրգիռ գերատեսչությունների, ինչպես նաև Հայաստանի գործարար համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, տեխնիկական կանոնակարգման նախարար Վալերի Կորեշկովը:

Քննարկման ընթացքում ԵԱՏՀ մասնագետները ներկայացրել են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման դաշտը, այդ թվում` ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը: Հայկական կողմը ներկայացրել է զուգահեռ գործող ՀՀ կանոնակարգերը, ինչպես նաև ԵԱՏՄ արտահանման առկա բարենպաստ պայմանները:

Հաշվի առնելով այն փաստը, որ 2016թ. հունվարի 1-ից երրորդ երկրներից արտադրանքի ներմուծման պահին որոշ արտադրատեսակների համար կպահանջվի համապատասխանության գնահատման  փաստաթուղթ, միջոցառման կարևոր նպատակներից էր ծանոթացնել գործարարներին համապատասխան գործընթացների իրականացման ընթացակարգին, ինչպես նաև տրամադրել տեղեկատվություն արտահանման պայմանների դյուրինացման վերաբերյալ:

Առանձին քննարկումների ժամանակ գործարարներին հուզող բազմաթիվ հարցերին տրվել են պարզաբանումներ:

2016 թվականի հունվարի 1-ից ՀՀ տարածքում գործելու են սույն ցանկում ներկայացված տեխնիկական կանոնակարգերը:

Share