Բաժին. Տնտեսական

Քննարկվել են հայ-չինական համագործակցության ակտիվացման հնարավորությունները

Հուլիսի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի 1-ին տեղակալ Գարեգին Մելքոնյանն ընդունել է ՉԺՀ Սինցզյան-Ույգուրյան Ինքնավար շրջանի Ժողովրդական կառավարության փոխնախագահ Հուան Վեյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության այլ պաշտոնյաներ: 

Ողջունելով հյուրերին, Գարեգին Մելքոնյանը շնորհակալություն է հայտնել այցելության համար, նշելով, որ սա ևս մեկ քայլ է հայ-չինական համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու համար: Գնահատելով Չինաստանի ներուժն ու տնտեսական զարգացման տեմպերը` փոխնախարարը մեծապես կարևորել է երկկողմ տնտեսական շփումների ակտիվացման անհրաժեշտությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը Չինաստանի պատվիրակության ներկայացուցիչներին համառոտ ծանոթացրել է Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու առանձնահատկություններին ու առավելություններին, ներկայացրել արտաքին առևտրի բարենպաստ պայմանները, խոսել Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիներում արտադրություն կազմակերպելու հնարավորությունների մասին:

Չինական պատվիրակության ղեկավար, ՉԺՀ Սինցզյան-Ույգուրական Ինքնավար շրջանի Ժողովրդական կառավարության փոխնախագահ Հուան Վեյն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով, որ երկու երկրների միջև առկա են համագործակցության լայն հնարավորություններ: Որպես գործակցության ընդլայնման ոլորտներ նա հատկապես առանձնացրել է զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, ավիացիայի, էներգետիկ և նյութական ռեսուրսների ոլորտները:

Պարոն Վեյը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին նախատեսվում է Մետաքսի ճանապարհ միջազգային համաժողովի անցկացումը Վրաստանում, որին ակնկալվում է 200-ից ավելի ձեռնարկությունների մասնակցություն: Համաժողովի ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները: Պարոն Վեյը հրավիրել է Հայաստանի պատվիրակությանը մասնակցելու համաժողովին:

Գարեգին Մելքոնյանը հույս է հայտնել, որ համաժողովը մեծ հնարավորություն կստեղծի Չինաստանի գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ հանդիպման և հետագա համագործակցության հեռանկարների շուրջ քննարկման համար:

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև օդային հաղորդակցություններին վերաբերող հարցեր: Քննարկվել են Երևան-Ուրումչի-Երևան, ինչպես նաև Ուրումչի-Թբիլիսի-Երևան ավիաչվերթների բացման հնարավությունները:

Անդրադառնալով զբոսաշրջային ոլորտում համագործակցությանը` կողմերը փաստել են, որ անհրաժեշտ է խորացնել և բարելավել հարաբերությունները այս ոլորտում: Գարեգին Մելքոնյանն առաջարկել է կազմակերպել չինական զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների ճանաչողական այցը Հայաստան` ներկայացնելու համար երկրի զբոսաշրջային ներուժը:

Հանդիպման ավատրին Գարեգին Մելքոնյանը նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշտապես պատրաստ է քննարկելու Չինաստանի հետ տնտեսական փոխգործակցության նոր առաջարկներ:

Share