Բաժին. Տնտեսական

Շինարարության ոլորտն աստիճանաբար «վերակենդանանում է»

Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին մեր երկրում բիզնեսի տարբեր ոլորտում գործող ընկերությունների ֆինանսական միջոցների հաշվին իրականացվել է 48,08 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է շուրջ 6%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ մասնավոր ընկերությունները ապահովել են մեր երկրում իրականացված շինարարության համախառն ծավալի շուրջ կեսը:

Միևնույն ժամանակ, բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալը կազմել է շինարարության համախառն ծավալի 23.9%-ը: Բյուջեի միջոցներով իրականացվել է շինարարության համախառն ծավալի 14.8%-ը: Միջազգային վարկերի հաշվին իրականացվել է շինարարության ընդհանուր ծավալի 9.0%-ը:

Հարկ է նշել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալն աճել է 6.9%-ով, պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալը՝ 16%-ով, իսկ միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալը՝ ընդամենը 0,5%-ով:

Հունվար-մայիս ամիսներին մեր երկրում իրականացվել է 83,92 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 0.4%-ով:

Նշենք նաև, որ 2014 թվականին Հայաստանում իրականացվել էր 433,20 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: 2013 թվականի համեմատ ոլորտում գրանցվել էր 4% անկում:

Share