Բաժին. Տնտեսական

Առևտրի ոլորտում անկում է

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ արդեն մի քանի ամիս շարունակ մեր երկրի առևտրի ոլորտում գրանցվում է անկում: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ տարվա առաջին 5 ամսում հանրապետությունում առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է  778,56 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է 8,6%-ով: Ընդ որում, միայն մանրածախ առևտրի շրջանառությունը կրճատվել է 6,9%-ով, մեծածախ առևտրի շրջանառությունը՝ 11.3%-ով, իսկ ավտոմեքենաների առևտուրը՝ շուրջ 10.7%-ով:

Նշենք, որ ավտոմեքենաների առևտրի ցուցանիշը  ներառում է մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, ինչպես  նաև դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին մանրածախ առևտրի մանսաբաժինը առևտրի ընդհանուր շրջանառության մեջ կազմել է  61.3%, մեծածախ առևտրինը՝ 35.2%, իսկ ավտոմեքենաների առևտրինը՝  3.5%:

Նշենք նաև, որ միայն հունվարին առևտրի շրջանառությունը կազմել է 120,5 մլրդ ՀՀ դրամ, փետրվարին՝ 149,35 մլրդ ՀՀ դրամ, մարտին՝ 173,0 մլրդ ՀՀ դրամ, ապրիլին՝  165,01 մլրդ ՀՀ դրամ, իսկ մայիսին՝ 170,68 մլրդ ՀՀ դրամ:

Share