Բաժին. Տնտեսական

Հունիսին սպառողական շուկայում արձանագրվել է 1.4% գնանկում

Հունիսին, մայիսի համեմատ, մեր երկրի սպառողական շուկայում արձանագրվել է 1.4% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների գնանկումով: Այս մասին տեղեկանցում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ամսում պարենային ապրանքների, ներառյալ ոգելից խմիչքի և ծխախոտի գները նվազել են 2.7%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.6%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% հավելաճ:

Միևնույն ժամանակ, հունիսին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.0%, այդ թվում, պարենային ապրանքներինը՝ 97.6%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.1%, ծառայությունների սակագներինը՝ 101.1%:

Հունիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 105.5%, այդ թվում, պարենային ապրանքներինը` 105.2%, ոչ պարենային ապրանքներինը` 107.0%, ծառայությունների սակագներինը` 104.1%:

Նշենք նաև, որ այս տարվա առաջին վեց ամսում, 2014թ. հունվար-հունիսի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 105.1%: Հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների գների ինդեքսը կազմել է 105.6%, ոչ պարենային ապրանքներինը` 105.7%, իսկ ծառայությունների սակագներինը՝ 103.7%:

Share