Բաժին. Տնտեսական

Հովիկ Աբրահամյան. այն նաիրիտցիները, ովքեր ճշգրտումների կարիք չունեն, կարող են իրենց գումարները անմիջապես ստանան

Այսօր կայացած կառավարության նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսքը տվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին՝ ներկայացնելու նաիրիտցիների պահանջը: «Այն խոստումը, որ տրվել էր՝ ամբողջությամբ վճարել նաիրիտցիների աշխատավարձը, կառավարությունն այդ գումարներն արդեն հատկացրել է: Ուղղակի չեմ հասկանում իրենց անհանգստության, հավաքի նպատակը: Խնդրում եմ պարզաբանել», – ասել է վարչապետը:

Երվանդ Զախարյանը նշել է. «Կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի մինչև հուլիսի 15-ը ամբողջությամբ վճարվի աշխատավարձի պարտքը, որը մոտավորապես 5 միլիարդ 310 մլն դրամի սահմաններում է: Այսօր արդեն մենք հնարավորություն ունենք վճարելու այդ գումարը: Հարցը հետևյալն է. մի շարք աշխատակիցների կողմից դժգոհություններ և բողոքի գրություններ են գրվել իմ և գործարանի բաժնետիրական ընկերության տնօրենի անունով՝ աշխատավարձի սխալ հաշվարկների հետ կապված: Այժմ ուսումնասիրություններ են կատարվում այդ աշխատավարձերի ճշտումների ուղղությամբ, իմ կարծիքով, 1-2 օրերի ընթացքում այդ աշխատանքները կավարտվեն: Որոշակի վճարումների հետ կապված փաստաթղթային ձևակերպումներ կան, ձևն արդեն մշակվել է, այսօրվանից գործընթացը սկսվում է: Մեր առաջարկությունը հետևյալն է. քանի որ որոշակի ժամանակ է պահանջվում բոլոր փաստաթղթային ձևակերպումները կատարելու համար, յուրաքանաչյուր խմբաքանակ պատրաստ լինելուն պես կարող ենք վճարել, այսինքն՝ շաբաթ օրը, պատրաստության աստիճանից ելնելով՝ հաջորդ օրերի ընթացքում: Վճարումները կարող են ձգվել 10-15 օր: Աշխատակիցների պահանջը հետևյալն է, որ վճարումները կատարվեն միանգամից, ամբողջ պարտքի չափով՝ 5 միլիարդ 310 մլն դրամի սահմաններում, բոլորը վճարվի միանգամից: Միանգամից վճարելու համար իրենք ստիպված կլինեն մոտավորապես 10-15 օր սպասել: Որպեսզի այդքան չսպասեն, մենք առաջարկում ենք յուրաքանչյուր պատրաստ դիմումից հետո վճարումները կատարել, փոխանցելով իրենց հաշվին: Պահանջը դա է, ուրիշ պահանջներ այսօր աշխատակիցների կողմից չկան»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պահանջել է հստակություն մտցնել վճարումների գործընթացում, անհրաժեշտ պարզաբանումներ տալ մարդկանց, որպեսզի նրանք, ովքեր աշխատավարձի ճշգրտումների խնդիր չունեն, իրենց գումարներն անմիջապես ստանան: «Մենք կարող ենք հայտարարել, որ եթե կոլեկտիվի անդամները, աշխատակիցները պատրաստ են սպասել մինչև ամսվա վերջ, ապա մենք հուլիսի վերջին միանգամից վճարումները կարող ենք կատարել: Եթե չեն կարող սպասել և կան աշխատակիցներ, որոնք ուզում են հիմա ստանալ, մենք պատրաստ ենք այս ընթացքում կատարել վճարումները: Երկու տարբերակին էլ մենք համաձայն ենք»,- նշել է Երվանդ Զաքարյանը:

Վարչապետը նախարարին հանձնարարել է քննարկել նաիրիտցիների առաջարկությունները:

Share