Բաժին. Տնտեսական

Հունվար-հունիսին գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.8% աճ

Ընթացիկ տարվա առաջին կեսին՝ հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.8% աճ: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին առավելապես նպաստել են գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի աճը, արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը, ինչպես նաև  բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը: 

Հունվար-հունիս ամիսներին գյուղատնտեսության ոլորտում աճը տարեկան կտրվածքով կազմել է 14.5%, բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 3.3%, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5.1%-ով:

Միևնույն ժամանակ, շինարարության ոլորտում գրանցվել է 0.6% աճ: Առևտրի ոլորտում գրանցվել է անկում. հունվար-հունիսին առևտրի շրջանառությունը տարեկան կտրվածքով կրճատվել է 8,2%-ով:

Բացարձակ արտահայտությամբ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 235,55 մլրդ ՀՀ դրամ, արդյունաբերության համախառն արտադրանքը՝ 613,63 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 973,73 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 537,89 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 134,91 մլրդ ՀՀ դրամ: 

Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 5.1%:

Share