Բաժին. Տնտեսական

Սպառողների վստահության ցուցանիշը նվազել է և գտնվում է կայունից ցածր մակարդակում

Կենտրոնական բանկն ամփոփել է սպառողների շրջանում անցկացված հարցումների արդյունքները և կազմել ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում սպառողների վստահության ցուցանիշը: Ըստ հրապարակված տվյալների՝ այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին մեր հանրապետությունում գրանցվել է սպառողների վստահության ցուցանիշի 41.2 արժեք: Համեմատության համար նշենք, որ առաջին եռամսյակում ցուցանիշը կազմել էր 41.4 կետ:

Ընթացիկ պայմանների ցուցանիշն աճել է 0.6 տոկոսային կետով, ընդ որում՝ աճը պայմանավորվել է խոշոր գնումներ կատարելու փաստի ցուցանիշի 1.1 և տնային տնտեսությունների ֆինանսական վիճակի փաստացի փոփոխության ցուցանիշի 1.2 տոկոսային կետ աճերով:

Ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ գնահատականների ցուցանիշը նվազել է 0.8 տոկոսային կետով: Ապագա պայմանները նկարագրող ցուցանիշը նվազել է 0.8 տոկոսային կետով` պայմանավորված գալիք եռամսյակում խոշոր գնումներ կատարելու ակնկալիքի և ֆինանսական վիճակի փոփոխության սպասումների ցուցանիշների աննշան նվազումներով: Մյուս կողմից, աճ է արձանագրվել գալիք եռամսյակում զբաղվածության սպասումների ցուցանիշի գծով:

Նշենք, որ Սպառողների վստահության ցուցանիշն (ՍՎՑ) իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը հաշվարկվում է որպես սպառողներին տրված վեց հարցերի պատասխանների հիման վրա հաշվարկված դիֆուզիոն ինդեքսների միջին թվաբանական մեծություն:

Ընթացիկ պայմանների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը հաշվարկվում է որպես ընթացիկ պայմաններին վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն, իսկ ապագա սպասումների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս՝ հաշվարկված որպես ապագային վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն:

Յուրաքանչյուր հարցի համար հաշվարկվում է պատասխանների արժեք (դիֆուզիոն ինդեքս), որը հաշվարկվում է որպես դրական պատասխանների տեսակարար կշռի և չեզոք պատասխանների տեսակարար կշռի կեսի գումար: Բոլոր հարցերի համար հաշվարկված դիֆուզիոն ինդեքսները, նախքան ՍՎՑ հաշվարկում ներառվելը, սեզոնայնորեն հարթեցվում են: Դիֆուզիոն ինդեքսները տատանվում են [0, 100] միջակայքում: Դիֆուզիոն ինդեքսի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է), իսկ արժեքների 45-ից 55 միջակայքը՝ կայունության միջակայք:

2015թ. երկրորդ եռամսյակի հարցման մեջ ընդգրկվել է 1803 տնային տնտեսություն` Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններից և ՀՀ բոլոր մարզերի քաղաքներից: Ընտրանքը կատարվել է ըստ քվոտաների` յուրաքանչյուր մարզի քաղաքային բնակչության թվաքանակին և սեռատարիքային կառուցվածքին համապատասխան: Հարցումն իրականացվել է հունիս ամսվա ընթացքում:

Share