Բաժին. Տնտեսական

Մեր տնտեսության դոլարայնացման մակարդակը շարունակում է մնալ բարձր

Ընթացիկ տարվա հուլիս ամսվա վերջի դրությամբ մեր երկրի տնտեսության իրական հատվածին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալում արտարժույթով վարկերը կազմել են 66.7%՝ վկայելով այն մասին, որ մեր երկրում դոլարայնացման մակարդակը շարունակում է մնալ բարձր: Այս մասին վկայում են Կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են կուտակել արտերկրից ներգրավված միջոցներ և, հետևաբար, արտարժութային ռիսկից խուսաելու նպատակով ձգտում են դրանք տեղաբաշխել այն արտարժույթով, որով ներգրավել են:

Նշենք նաև, որ տարեսկզբի համեմատ գրանցվել է տնտեսության իրական հատվածին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալում արտարժույթով վարկերի մասնաբաժնի աճ՝ 0,8 տոկոսային կետով:

Միևնույն ժամանակ, հաշվետու ամսվա վերջի դրությամբ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրամադրված արտարժույթով ժամկետային ավանդների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում կազմել է 74.1%,  ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում կազմել է 51.6%,  ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությունը՝ 64.0%, իսկ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը՝ 51.7%:

Share