Բաժին. Տնտեսական

Վերջին տարիների ամենախոշոր ֆինանսական փլուզումներն ու բիզնես-ձախողումները. MEXX

Ամերիկյան Forbes պարբերականը կազմել և հրապարակել է վերջին մի քանի տարիների ընթացքում աշխարհում տեղի ունեցած ամենախոշոր ֆինանսական փլուզումներն ու ամենաաղմկահարույց բիզնես-ձախողումները: Ցանկում հայտնվել են ոչ միայն հայտնի ընկերություններ, այլև թատրոններ և քաղաքներ:

Ցանկում ընդգրկված և «անսպասելիորեն, բայց մեծ աղմուկով» սնանկ ճանաչված ընկերություններից մեկը MEXX-ն է:

Հագուստի արտադրության ոլորտում հայտնի MEXX ընկերության ֆինանսական խնդիրների հիմնական պատճառը համաշխարհային տնտեսության ընդհանուր ակտիվության անկման համատեքստում սպառողական պահանջարկի անկումն էր, որի դեմ ընկերությունը չկարողացավ ձեռբարկել անհրաժեշտ և բավարար քայլեր: 2014 թվականին ընկերությունը հայտարարեց, որ անկարող է կատարել իր վարկային պարտավորությունները, և արդեն տարվա վերջին ամերիկյան դատարանը որոշում կայացրեց MEXX ընկերությանը սնանկ ճանաչելու մասին:

Հարկ է նշել, որ MEXX ընկերության բիզնես-անհաջողությունները և ձախողումները սկսվեցին այն բանից հետո, երբ ընկերությունից հեռացավ ընկերության հիմնադիրը՝ Ռաթան Չադխան: 1970-ական թվականներին այս գործարարը Հնդկաստանից տեղափոխվել էր Հոլանդիա և սկսել զբաղվել Ասիայից տարբեր արտադրանքների ներմուծմամբ: 1986 թվականին նա ստեղծել էր MEXX ապրանքանիշը: 2001 թվականին Ռաթան Չադխան MEXX-ը վաճառել էր ամերիկյան  Liz Claiborne ընկերությանը: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել էր $264 մլն: Այսօր Ռաթան Չադխան Հոլանդիայի ամենահարուստ գործարարներից մեկն է և զբաղվում է հյուրանոցային բիզնեսով: Նա CitizenM հյուրանոցային ցանցի սեփականատերն է:

2001 թվականին կնքված գործարքից հետո MEXX-ը սկսել է աշխատել վնասով: Սնանկ ճանաչվելուց հետո ընկերությունը որոշ ժամանակ պահպանել է իր բիզնեսը. տարբեր երկրներում տեղակայված ընկերության խանութները շարունակել են աշխատել: 2015 թվականի հունվարին MEXX ընկերության նոր սեփականատեր է դարձել թուրքական Eroğlu Holding-ը:

«Վերջին տարիների ամենախոշոր ֆինանսական փլուզումներն ու բիզնես-ձախողումները» շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share