Բաժին. Տնտեսական

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

Սեպտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի ղեկավարած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ԱՄՀ հայաստանյան մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը, Հայաստանի գծով ԱՄՀ գործադիր տնօրենի ավագ խորհրդական Ամելիա Հուբիքը և առաքելության տնտեսագետներ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանը:

Հանդիպման ընթացքում Կարեն Ճշմարիտյանը խոսել է Հայաստանում իրականացվող  բարեփոխումներից` այդ թվում, տեսչական համակարգի և քաղաքացիական ավիացիայի ոլորտի բարեփոխումների ընթացքից և վերջին զարգացումներից:

Ընդգրկուն քննարկման առարկա են դարձել  նաև տնտեսության ընդհանուր միտումները, ինտեգրացման գործընթացները, ոլորտային զարգացման քաղաքականության մի շարք հարցեր: Այս համատեքստում զրույց է ծավալվել  Հայաստանում առանձին ոլորտներում արձանագրված աճի և հետագա սպասումների շուրջ:

Արծարծվել է Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ միջազգային կառույցների, այդ թվում՝ ԱՄՀ կողմից ներկայացվող կանխատեսումների հարցը: Նախարարն ընդգծել է, որ կարևոր է տնտեսության միտումների գնահատումներում պահպանել հաշվեկշռված և տարբեր գործոնների համակողմանի դիտարկման մոտեցումը՝ առանց գերագնահետելու արտաքին տնտեսական իրավիճակի վատթարացման հնարավոր ազդեցությունները, և որ նույնչափ կարևոր է, հաշվի առնել երկրի ներքին պոտենցիալը:

Կողմերը քննարկել են ներդրումային մի շարք ծրագրեր, որոնք նախատեսվում է իրագործել մոտ ապագայում: Առանձին քննարկման առարկա են դարձել  Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված գործընթացները, ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա խորացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել հիմնական գործընկեր երկրների տնտեսական իրավիճակի, միջազգային տնտեսության դինամիկայի և սպասումների շուրջ հարցերին:

Հանդիպման վերջում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակելու բարեփոխումների արդյունավետ գործընթացը և հաստատել իրենց լավատեսությունը ընթացիկ տարվա դրական տնտեսական զարգացումների  վերաբերյալ:

Share