Բաժին. Տնտեսական

Ռուբեն Վարդանյանի նոր բիզնես նախագիծը

Ռուսական Forbes պարբերականն անդրադարձել է հայազգի գործարար, Ռուսաստանում հայտնի ֆինանսիստ և ներդրող Ռուբեն Վարդանյանի նոր բիզնես նախագծին: Բավականին հետաքրքիր և խոստումնալից այս նախագիծը մեկնարկել է հարուստ մարդկանց, նրանց ժառանգների ու իրավահաջորդների կարողությունները կառավարելու գաղափարի շուրջ:

Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանում հայտնի է դարձել 1991 թվականին իր գործընկերների հետ հիմնադրած «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության հաջողությունների շնորհիվ: 2011 թվականին Ռուբեն Վարդանյանը ռուսական Խնայբանկին (Сбербанк) էր վաճառել «Տրոյկա Դիալոգ» («Тройка Диалог») ընկերությունը: Գործարքի արժեքը կազմել էր ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար: Այսօր արդեն «Տրոյկա Դիալոգ» ընկերության ինտեգրման գործընթացն ամբողջովին ավարտվել է, և Ռուբեն Վարդանյանին ռուսական խնայբանկի հետ կապում է միայն իր պաշտոնը՝ որպես բանկի նախագահ Գերման Գրեֆի խորհրդական:

Այժմ իր ժամանակի մեծ մասը Ռուբեն Վարդանյանը տրամադրում է մասնավոր բիզնեսների և գործարարների կարողությունների ժառանգման և փոխանցման հարցերին: Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ առաջիկա տասնամյակներում Ռուսաստանում սպասվում է մասնավոր սեփականությունը ժառանգելու և փոխանցելու հարցերի հետ կապված մեծ ալիք: Անկախ վերլուծության համաձայն՝ ներկայում Ռուսաստանի հարուստ գործարարների միջին տարիքը 48 է, ինչը նշանակում է, որ 10-20 տարի անց մեծանալու է պահանջարկը բիզնեսները և կարողությունները փոխանցելու և ժառանգելու գործարքների ձևակերպման ծառայությունների նկատմամբ: Ընդ որում, նման ծառայությունները պահանջված են լինելու ոչ միայն միլիարդատերերի, այլև միջին դասի գործարարների շրջանում: Սպասվում է, որ նման ծառայություններից օգտվողների թիվը կարող է հասնել տասնյակ հազարների:

Իր նոր բիզնես նախագիծը իրագործելու նպատակով 2015 թվականի ամռան սկզբին Ռուբեն Վարդանյանը հիմնադրել է Phoenix Advisors ընկերությունը, որը կօգնի գործարարներին մշակել ակտիվների կառավարման ռազմավարություն, ընտրել իրավահաջորդների և ժառանգների շրջանակը: Ընկերությունը նաև կհամակարգի գործարարների ֆինանսական միջոցների և բիզնես-ակտիվների փոխանցման գործընթացը և անհրաժեշտության դեպքում կկազմակերպի ակտիվների կառավարումը և իրացումը: Բացի այդ, Ռուբեն Վարդանյանի նոր ընկերությունը ծառայություններ կմատուցի գործարարների ժառանգներին և կներկայացնի նրանց շահերը ընտանեկան բիզնեսում:

Հատկանշական է, որ Phoenix Advisors ընկերությունը շուկայում միակն է, որ առաջարկում է նման ծառայություններ: Դրանց դիմաց վճարումը լինելու է ինչպես միջնորդավճարների, այնպես էլ բաժանորդային վճարների տեսքով:

Սպասվում է, որ առաջիկա 7 տարվա ընթացքում Phoenix Advisors ընկերությունը կունենա մինչև 50 հաճախորդ՝ յուրաքանչյուրը նվազագույնը 100 մլն ԱՄՆ դոլար կարողությամբ:

Share