Բաժին. Տնտեսական

Վերջին տարիների ամենախոշոր ֆինանսական փլուզումներն ու բիզնես-ձախողումները. Դետրոյթ

Ամերիկյան Forbes պարբերականը կազմել և հրապարակել է վերջին մի քանի տարիների ընթացքում աշխարհում տեղի ունեցած ամենախոշոր ֆինանսական փլուզումներն ու ամենաաղմկահարույց բիզնես-ձախողումները: Ցանկում հայտնվել են ոչ միայն հայտնի ընկերություններ, այլև թատրոններ և քաղաքներ:

Ցանկում ընդգրկված քաղաքներից է Դետրոյթը:

2013 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ի Դաշնային դատարանը Դեթրոյթ քաղաքը, որը կուտակած պարտքը կազմել էր ավելի քան 18 մլրդ ԱՄՆ դոլար, ճանաչել էր սնանկ: Այս երկրում քաղաքների ֆինանսական փլուզման դեպքեր մինչ այս ևս եղել են, սակայն Դեթրոյթի դեպքը ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր «քաղաքային սնանկացումն է»: Նշենք, որ 2012 թվականին Կալիֆորնիա նահանգում սնանկ էին ճանաչվել միանգամից մի քանի քաղաք՝ Սան-Բերնարդինոն, Մամոտ-Լեյքը և Ստոկտոնը:

Դեթրոյթ քաղաքի տնտեսական խնդիրներն ի հայտ էին եկել 1970-1980-ականններին: Հետագայում ամերիկյան ավտոարտադրության ոլորտում առաջացած խնդիրների պատճառով քաղաքի ֆինանսական դժվարություններն առավել խորացել էին: Ամերիկյան խոշոր ավտոարտադրողների կողմից արտադրության ծավալների կրճատումը բացասաբար էր անդրադարձել քաղաքի տնտեսության վրա: Քաղաքի իշխանությունը ձեռնարկել էր հակաճգնաժամային քայլեր, սակայն դրանք դրական արդյունքներ չէին տվել:

Վերջին 30 տարվա ընթացքում քաղաքի բնակչությունը 2 մլն-ից նվազել և հասել է 700 հազարի: Ամերիկյան ավտոարտադրության երբեմնի կենտրոնը այսօր արդեն փորձում է վերակենդանանալ ֆինանսական փլուզումից:

«Վերջին տարիների ամենախոշոր ֆինանսական փլուզումներն ու բիզնես-ձախողումները» շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share