Բաժին. Տնտեսական

Ավարտվել է Շանհայի համագործակցության կազմակերպության էկոնոմիկայի և առևտրի նախարարների հանդիպման 14-րդ նստաշրջանը

Սեպտեմբերի 14-16-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շենսի նահանգի Սիան քաղաքում կայացել է Շանհայի համագործակցության կազմակերպության էկոնոմիկայի և առևտրի նախարարների հանդիպման 14-րդ  նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի գլխավորած պատվիրակությունը:

Նստաշրջանի ընթացքում քննարկվել են Շանհայի համագործակցության  կազմակերպության բազմակողմ տնտեսական և առևտրային համագործակցության ուղղությունների, 2012-2016թթ. ժամանակահատվածի համար Գործողությունների ծրագրի իրականացմանը և միջոցառումների ցանկին, ինչպես նաև 2017-2021թթ. Գործողությունների ծրագրին առնչվող հարցեր: Քննարկվել են նաև մի շարք խնդիրներ ներդրումային, տնտեսական և տեխնիկական փոխգործակցության, միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության վերաբերյալ:

Նստաշրջանի եզրափակիչ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը հանդես է եկել ելույթով: Նա կարևորել է Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքը, մասնավորապես Մետաքսի ճանապարհի վերականգնման ուղղությամբ, ներկայացրել Հայաստանը որպես հնարավորությունների երկիր, ընդգծելով արտաքին առևտրի արտոնյալ պայմանները, բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրը: Էմիլ Տարասյանը նաև հույս է հայտնել, որ Մետաքսի ճանապարհի վերագործարկման գործընթացում Հայաստանը կդառնա ռազմավարական գործընկեր, հաշվի առնելով այնպիսի ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը, ինչպիսիք են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության ծրագրերը:

Շանհայի համագործակցության կազմակերպության էկոնոմիկայի և առևտրի նախարարների հանդիպման 14-րդ նստաշրջանի շրջանակում սեպտեմբերի 17-ին Պեկինում տեղի է ունեցել հանդիպում ՉԺՀ Պետական խորհրդում։

Share