Բաժին. Տնտեսական

Հունվար-օգոստոսին միջին աշխատավարձը կազմել է 181,5 հազար ՀՀ դրամ

Տարվա առաջին ութ ամսում մեր երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 181,58 հազար ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է շուրջ 10%-ով: Իրական աշխատավարձի աճը ավելի «համեստ է»՝ հաշվի առնելով հաշվետու ամիսներին գրանցված 4.8% գնաճը:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին պետական հատվածում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 162.7 հազար ՀՀ դրամ, իսկ մասնավոր հատվածում աշխատողներինը՝ 208.1 հազար ՀՀ դրամ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական աշխատողների անվանական աշխատավարձերն աճել են 13.3%-ով: Մասնավոր հատվածում աշխատավարձերի աճը կազմել է 7.1%:

Նշենք նաև, որ 2014 թվականի արդյունքներով Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել էր 171 հազար 120  ՀՀ դրամ, իսկ ընթացիկ տարվա առաջին կեսի արդյունքներով՝ 178.39 հազար ՀՀ դրամ:

Share