Բաժին. Տնտեսական

Խորամանկությունը բիզնեսում կամ ինչպե՞ս գրավել բոլորի ուշադրությունը

Շատ հաճախ ընկերությունները դիմում են խորամանկ քայլերի՝ պոտենցյալ սպառողների ուշադրությունը գրավելու և մարդկանց շրջանում հետաքրքրություն առաջացնելու համար: Փորձը ցույց է տալիս, որ լավ «մշակված» խորամանկ բիզնես-լուծումները կարող են բերել մեծ հաջողություններ:

«Բիզնես 24»-ը ներկայացնում է տարբեր ընկերությունների կողմից իրականացված ոչ ստանդարտ մարքեթինգային քայլերի, համարձակ ու անսպասելի մտահաղացումների մասին պատմող հոդվածների շարքը:

Գերազանցել մրցակցին

Հերբերտ Դաուն, ժամանակին հայտնաբերելով քիմիական միջոցների արտադրության առավել մատչելի տարբերակ, ԱՄՆ-ի Միչիգան քաղաքում հիմնադրել էր Dow Chemical ընկերությունը: ԱՄՆ-ում գործող արտադրական ընկերություններին նա վաճառում էր քիմիական միջոցներ 36 ցենտով: Միջազգային շուկաներում նրան գերազանցում էր գերմանական մրցակից մի ընկերություն, որը նույնանման արտադրանքը Եվրոպայում վաճառում էր 49 ցենտով:

Երբ Դաուն որոշում է  իր կողմից առաջարկվող արտադրանքը վաճառել նաև Անգլիայում, մրցակիցը սկսում է ԱՄՆ ներմուծել և վաճառել իր արտադրանքն՝ ընդամենը 15 ցենտով: Այս կերպ մրցակիցը նպատակ էր հետապնդում  շուկայից դուրս մղել Դաուի ընկերությունը: Փորձառու գործարարը, սակայն, իր արտադրանքի գներն իջեցնելու փոխարեն սկսում է գաղտնի կերպով գնել երկիր ներկրվող ամբողջ գերմանական արտադրանքը և այն վաճառել եվրոպական շուկաներում 27 ցենտով:

Ներկայումս Dow Chemical-ը քիմիական միջոցների արտադրությամբ զբաղվող ամենահզոր կոնցեռններից մեկն է:

«Խորամանկությունը բիզնեսում կամ ինչպե՞ս գրավել բոլորի ուշադրությունը» շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

 

Share