Բաժին. Տնտեսական

«Տաշիր»-ը գնում է ՀԷՑ-ը. մեկ տարի էլեկտրաէներգիայի սակագինը կմնա անփոփոխ

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեր ՌԱՕ»-ն («Интер РАО») ստորագրել են պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի մասին։ Ինչպես տեղեկացնում են «Տաշիր» խմբի մամուլի ծառայությունից՝ գործարքն արդեն արժանացել է Հայաստանի կառավարության հավանությանը և կավարտվի Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից համապատասխան որոշումն ընդունելուց հետո:

Ըստ ձեռքբերված պայմանավորվածության՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը, ինչպես նաև «Հրազդանի ՋԷԿ»-ը շարունակելու են ողջ ծավալով իրականացնել իրենց ստանձնած պարտավորությւոնները։

Ինչպես հայտարարել է Սամվել Կարապետյանը՝ «Տաշիր» ընկերությունների խումբն ամբողջությամբ իր վրա է վերցնում ՀԷՑ-ի կառավարման գծով պարտականությունները: Մասնավորապես, սպասվում է, որ կներդրվի հակաճգնաժամային ծրագիր՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ֆինանսատնտեսական վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով։ Նախատեսվում է իրականացնել նաև ցանցերի սարքավորումների փուլային արդիականացում։

Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում է ընդունվել հաջորդ տարվա ընթացքում սեփական միջոցների հաշվին փոխհատուցել բարձրացած եւ մինչև 2015թ. օգոստոսի 1-ը գործող սակագնի տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար։

Share