Բաժին. Տնտեսական

Forbes-ը կազմել է Ռուսաստանի 200 խոշոր մասնավոր ընկերությունների վարկանիշը. «Տաշիր»-ը 45-րդն է

Ամերիկյան Forbes պարբերականի ռուսական գործակալությունը կազմել և հրապարակել է Ռուսաստանի 200 խոշոր մասնավոր ընկերությունների վարկանիշը: Այն գլխավորում է «Лукойл» ընկերությունը, որը 2014 թվականի արդյունքներով ապահովել է 4.74 տրիլիոն ռուբլու հասույթ: Ընկերությունում աշխատում է շուրջ 110.3 հազար մարդ:

Ռուսական խոշորագույն մասնավոր ընկերությունների վարկանիշի երկրորդ հորիզոնականում «Сургутнефтегаз» ընկերությունն է (890.57 մլրդ ռուբլի): Երրորդ հորիզոնականում հայտնվել է  «Магнит» ընկերությունը, որի տարեկան հասույթը կազմել է 763.5 մլրդ ռուբլի:

Vimpelcom-ը (757.6 մլրդ ռուբլի տարեկան հասույթ),  որը Beeline բրենդի ներքո ծառայություններ է մատուցում նաև Հայաստանում, վարկանիշում 4-րդն է:

Վարկանիշի առաջին տասնյակում ընդգրկվել են նաև X5 Retail Group՝ 633.9 մլրդ ռուբլի, «Мегаполис» ընկերությունների խումբը՝ 507 մլրդ ռուբլի, «Евраз»-ը՝ 504.2 մլրդ ռուբլի, «Татнефть»-ը՝ 476.4 մլրդ ռուբլի,  «Норильский никель»-ը՝ 456 մլրդ ռուբլի, և «Башнефть» ընկերությունը՝ 438.3 մլրդ ռուբլի:

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ»-ը Ռուսաստանի խոշոր մասնավոր ընկերությունների վարկանիշում 45-րդն է: 2014 թվականի արդյունքներով ընկերության հասույթը կազմել է 135.1 մլրդ ռուբլի:

«Տաշիր» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1990-ական թվականներին և ներդրումային ծրագրեր է իրականացնում շինարարության, էներգետիկայի և անշարժ գույքի ոլորտներում: Խումբն իր մեջ ընդգրկում է շուրջ 200 ընկերություն:

Share