Բաժին. Տնտեսական

Բացվել է ԴիջիԹեք էքսպո 2015 ցուցահանդեսը

Հոկտեմբերի 2-ին` «Երևան էքսպո» կենտրոնում բացվել է ԴիջիԹեք էքսպո տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների 11-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, պետական գերատեսչությունների պաշտոնյաներ, ոլորտի կազմակերպությունների, ԶԼՄ ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր և այցելուներ, այդ թվում նաև արտերկրից:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, որում, մասնավորապես նշեց, որ բարձր տեխնոլոգիական ոլորտը գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում և որ այն մեր երկրի տնտեսության խոստումնալից, դինամիկ ու արագ զարգացող ուղղություններից է:

Բացման հանդիսավոր արարողությունը կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Այնուհետև Վաչե Գաբրիելյանը և Կարեն Ճշմարիտյանը, միջոցառման կազմակերպիչների ուղեկցությամբ, շրջեցին ցուցահանդեսի տաղավարներով և ծանոթացան ընկերությունների առաջարկություններին:

Այս տարի ցուցահանդեսին, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 4-ը, մասնակցում է 170 ընկերություն 10 երկրից: Կազմակերպիչներն ակնկալում են շուրջ 40 հազար այցելու:

ԴիջիԹեք էքսպո ցուցահանդեսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Միջոցառումն անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Share