Բաժին. Տնտեսական

Հարկերից խուսափելու նպատակով ԱՄՆ-ի խոշոր կորպորացիաները օֆշորներում «թաքցնում են» մոտ 2.1 տրիլիոն դոլար

Հարկերից խուսափելու նպատակով ամերիկյան խոշորագույն 500 ընկերություններն արտերկրի օֆշորային գոտիներում «թաքցնում են» շուրջ 2.1 տրիլիոն ԱՄՆ դոլար: Ինչպես գրում է ամերիկյան Fortune ամսագիրը՝ այս գումարների «վերադարձն» ԱՄՆ-ի տարածք կարող է երկրի բյուջեի համար ապահովել ավելի քան 180 մլրդ ԱՄՆ դոլարի հարկային եկամուտներ:

Անկախ վերլուծության համաձայն, Fortune 500-ի ցանկում ընդգրկված՝ համախառն հասույթի ցուցանիշով խոշորագույն ամերիկյան 500 ընկերությունների շուրջ երեք քառորդը գործում են այնպիսի երկրների հարկային դրախտներում, ինչպիսիք են Բերմուդյան կղզիները, Իռլանդիան, Լյուքսեմբուրգը և Նիդերլանդները:

Պարզվում է, որ ամերիկյան տեխնոլոգիական Apple ընկերությունը շուրջ 181.1 մլրդ ԱՄՆ դոլար պահում է օֆշորային երկրներում: Այս ցուցանիշով ընկերությունն առաջատար է իր մյուս ամերիկյան «համախոհ գործընկերների» համեմատ: Գնահատականների համաձայն՝ եթե հաջողվի 3 օֆշորային գոտիներից ետ վերադարձնել գումարները, ապա ընկերությունը ստիպված է լինելու վճարել մոտ 59.2 մլրդ ԱՄՆ դոլարի հարկ:

Միևնույն ժամանակ, General Electric ընկերությունը օֆշորներում պահում է 119 մլրդ ԱՄՆ դոլար, Microsoft-ը՝ մոտ 108.3 մլրդ ԱՄՆ դոլար:

Ընդհանուր առմամբ, Fortune 500-ի ցանկում ընդգրկված ընկերությունների մոտ 72%-ը գործում է իր դուստր ընկերությունների միջոցով, որոնք գրանցված են օֆշորային գոտիներում:

Share