Բաժին. Տնտեսական

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Հոկտեմբերի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:

Էկոնոմիկայի նախարարը, ողջունելով դեսպանին, փաստել է հայ և բելառուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը և միմյանց նկատմամբ բարյացակամությունը:

Կարեն Ճշմարիտյանը Իգոր Նազարուկին ներկայացրել է Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու առավելությունները` անդրադառնալով մասնավորապես Հայաստանի նկատմամբ մի շարք երկրների կողմից կիրառվող Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP) և ԵՄ կողմից կիրառվող Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից (GSP+) օգտվելու հնարավորություններին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպանը հայտնել է իր պատրաստակամությունը համագործակցության շարունակականության ապահովման և այն նոր մակարդակի բարձրացնելու հարցում: Նա իր հերթին նշել է հայ և բելառուս  ժողովուրդների արժեհամակարգային ընդհանրությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր երկկողմ և ԵԱՏՄ  շրջանակներում համագործակցության զարգացման վերաբերյալ:Կողմերը պատրաստակամություն են հայտնել իրականացնել առավել արդյունավետ, բազմակողմ համագործակցություն և ուսումնասիրել փոխգործակցության նոր հնարավորությունները, այդ թվում նաև երրորդ երկրների հետ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրել է, որ հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել Երևանում` 2016թ. փետրվարին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տնտեսական համագործակցության այլ հարցեր:

Share