Բաժին. Տնտեսական

Մեր երկրում ամենապահանջվածը ֆինանսական ծառայություններն են

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրում բնակչությանը մատուցվել են 742 մլրդ 567.2 մլն ՀՀ դրամի ծառայություններ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 2.2%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝  մեր երկրում առավել պահանջված են ֆինանսական և ապահովագրական ծառայությունները, ինչպես նաև տեղեկատվության և կապի ոլորտում մատուցված ծառայությունները: Հաշվետու ամիսներին հանրապետությունում մատուցվել են

178 մլրդ 766.0 մլն ՀՀ դրամի  ֆինանսական և ապահովագրական ծառայություններ. նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է մոտ 9.5%-ով: Միևնույն ժամանակ, տեղեկատվության և կապի ոլորտում մատուցվել են 141 մլրդ 642.8 մլն Հ դրամի ծառայություններ: Տարեկան կտրվածքով ցուցանիշը նվազել է 2.7%-ով:  

Ֆինանսական և ապահովագրական ծառայությունների մասնաբաժինը ծառայությունների համախառն ծավալում կազմել է 24%, իսկ տեղեկատվության և կապի ոլորտի ծառայություններին՝ 19%:

Նշենք նաև, որ մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում մատուցված ծառայությունների մասնաբաժինը կազմել է 14%, տրանսպորտի ոլորտում մատուցված ծառայություններին՝ 12%:

Share