Բաժին. Տնտեսական

Գագիկ Բեգլարյանն անձամբ է լիցենզիա հանձնել նախարարություն դիմած տաքսու առաջին կին վարորդին

Տաքսի ծառայություն մատուցելու համար լիցենզիա ստանալու գործընթացը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում ընթանում է բնականոն հունով: Վերջին 7 ամիսների ընթացքում լիցենզավորման նոր կարգով ընդհանուր առմամբ շուրջ 7100 տրանսպորտային միջոց արդեն իսկ լիցենզավորվել է, որից 4850-ը եղել են ֆիզիկական անձինք, իսկ 150-ը՝ տաքսի ծառայություն մատուցող կազմակերպություններ 2250 տրանսպորտային միջոցով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն օրերս նախարարություն դիմած տաքսու առաջին կին վարորդ Ալվարդ Հովսեփյանին անձամբ հանձնեց լիցենզիան՝ շնորհավորելով և մաղթելով անվտանգ երթևեկություն:

Ի դեպ, տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների լիցենզավորման գործընթացը պարզեցնելու և էլ ավելի մատչելի դարձնելու նպատակով՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից օրենսդրական բարեփոխումներին զուգահեռ, տարեսկզբից ձեռնարկվել են նաև մի շարք միջոցառումներ:

Մասնավորապես, նախարարությունում գործում է «Մեկ պատուհան» համակարգը, որտեղ ընդունվում են հայտերը և նույն տեղից էլ տրամադրվում են լիցենզիաներն ու ներդիրները:

Անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է ներկայացնել ինչպես առձեռն, այնպես էլ կապի առկա բոլոր միջոցներով՝ ավանդական փոստով, էլեկտրոնային նամակով:

Լիցենզավորման գործընթացը մարզերի բնակիչներին մատչելի դարձնելու համար, բանակցությունների արդյունքում, մարզերում տաքսի ծառայություն մատուցողների հայտերն ընդունվում են մարզպետարաններում, ուղարկվում նախարարություն, այնուհետ դիմումատուները մարզպետարաններից ստանում են պատրաստի լիցենզիաները և ներդիրները:

Նախարարությունում 3 տարբեր հեռախոսահամարներով գործում է «Թեժ գիծ», որի միջոցով ամենօրյա խորհրդատվություն է տրամադրվում քաղաքացիներին:

Մեկ անգամ ևս նշենք, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության նպատակը ոչ թե չլիցենզավորված տաքսի ծառայություն մատուցողներին պատժելն ու տուգանելն է, այլ օրինականության ապահովումը, որպեսզի բոլորը գործեն օրենքի դաշտում:

Share