Բաժին. Տնտեսական

Կարեն Ճշմարիտյանն այցելել է Վիասֆեր տեխնոպարկ և Սինոփսիս Արմենիա ընկերություն

Հոկտեմբերի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այցելել է Վիասֆեր տեխնոպարկ: Այցի շրջանակում նախարարը ծանոթացել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տարածքում գործող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի միջֆակուլտետային ամբիոնի գործունեությանը և ամբիոնի կողմից էլեկտրոնային նախագծման ավտոմատացման բնագավառի համաշխարհային առաջատար «Սինոփսիս» ընկերության համալսարանական ծրագրերով իրականացվող դասընթացներին: Ամբիոնում ներկայումս կրթություն են ստանում նաև Երևանի պետական համալսարանի, Ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարանի և հայաստանյան այլ բուհերի ուսանողները: Հայաստանում արտադրություն-բուհ մոդելի հաջողությունը նման ծրագրերի ստեղծման հիմք է հանդիսացել արտերկրի մի շարք համալսարաններում, այդ թվում` Սաուդյան Արաբիայի Աբդուլազիզ արքայի գիտության և տեխնոլոգիայի կենտրոնում, Հնդկաստանի “Seer Akademi”-ում և Ջավահարլալ Ներուի տեխնոլոգիական համալսարանում, Հորդանանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանում և Արքայադուստր Սումայայի տեխնոլոգիական համալսարանում, Չինաստանի գիտությունների ակադեմիայում և Հարավարևելյան համալսարանում:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գրասենյակում Էկոնոմիկայի նախարարը ծանոթացել է ընկերության աշխատանքներին, այդ թվում` ընկերությունում գործող տվյալների կենտրոնի գործունեությանը:

Այնուհետև Վիասֆեր տեխնոպարկի, «Սինոփսիս Արմենիա» ընկերության ղեկավարության, Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի և տեխնոլոգիական ոլորտի այլ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է 2004 թվականից ի վեր Հայաստանում ընկերության գործունեության արդյունքում գրանցված հաջողությունները, մասնավորապես նշելով, որ ընկերությունն այս տարիների ընթացքում ընդլայնել է իր գործունեությունը Հայաստանում և ներկայումս ունի շուրջ 720 որակյալ ճարտարագետներ: Նա նաև տեղեկացրել է, որ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը «Սինոփսիս»-ի՝ ԱՄՆ տարածքից դուրս գործող ամենամեծ ստորաբաժանումներից է, որը զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, արտադրության համար նախագծման ոլորտներում: Ընկերության ծրագրային միջոցները, ըստ տնօրենի, այսօր հասանելի են ամբողջ աշխարհում ավելի քան 1600 կրթական հաստատությունների հազարավոր ուսանողների և դասախոսների համար:

Քննարկման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Հայաստանի ՏՏ ոլորտի հաջողությունները, ոլորտում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման համար անհրաժեշտ քայլերը: Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ Հայաստանը որդեգրել է գիտելիքահեն տնտեսության ձևավորման և ինովացիոն համակարգի զարգացման քաղաքականությունը, ինչը կարևորագույն գործոն է երկրի մրցունակության բարձրացման, տնտեսական աճի տեմպերի պահպանման և ավելացման համար:

Հովիկ Մուսայելյանը տեղեկացրել է հանդիպման մասնակիցներին, որ արդեն 10 տարի «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից կազմակերպվում է Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային օլիմպիադան, որին այս տարի մասնակցում են շուրջ 25 երկրների ներկայացուցիչներ:

Հանդիպման ավարտին «Սինոփսիս Արմենիա»-ի ղեկավարը էկոնոմիկայի նախարարին հանձնել է օլիմպիադայի 10-ամյակի կապակցությամբ թողարկված հոբելյանական հուշամեդալը:

Share