Բաժին. Տնտեսական

ՎԶԵԲ-ը վերանայել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ իր կանխատեսումը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ընթացիկ տարվա համար կանխատեսում է մեր երկրի տնտեսության 1-3% աճ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:

ՎԶԵԲ-ի ներկայացուցչի խոսքով՝ բանկը, հաշվի առնելով տարածաշրջանային տնտեսական իրավիճակը, Հայաստանի համար ավելի վաղ կանխատեսել էր 1,5% տնտեսական անկում: «Նման կանխատեսման համար մենք հիմք էինք ընդունել Հայաստանում տրանսֆերտների և ընդհանուր ներդրումների կրճատման փաստը, Ռուսաստանի տնտեսության ոչ բարենպաստ ազդեցությունը»,- պարզաբանել է Մարկ Դեյվիսը և ընդգծել, որ ընթացիկ տարում աճ է գրանցվել մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում, տնտեսությունում, ընդհանուր առմամբ, արձանագրվել են դրական փոփոխություններ, որոնք վկայում են մարտահրավներին դիմակայելու տնտեսական կարողության մասին և հիմք են հանդիսացել նախորդ կանխատեսման վերանայման համար:

Մարկ Դեյվիսը տեղեկացրել է, որ 2015 թվականի ՀՀ տնտեսական աճի վերաբերյալ իր վերջնական գնահատականներն ու կանխատեսումները բանկը կներկայացնի մինչև ընթացիկ ամսվա վերջ:

Նշենք, որ Ռուսաստանի համար ՎԶԵԲ-ը կանխատեսում է 3-4% տնտեսական անկում:

Share