Բաժին. Տնտեսական

Սամվել Կարապետյանը խստորեն պայքարելու է ՀԷՑ կոռումպացված աշխատակիցների ու անբարեխիղճ սպառողների դեմ

«Տաշիր» ընկերությունների Խումբը ՀԵՑ-ի կայքում տարածել է հետևյալ հայտարարությունը.

Սիրելի՛ հայրենակիցներ

Ինչպես արդեն հայտարարել ենք, 2015 թ. սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների Խումբը և «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։

Կողմերի պայմանավորվածության համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն («ՀԷՑ») շարունակելու է ամբողջ ծավալով կատարել իր կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները: «Տաշիր» ընկերությունների Խումբը նաև ամբողջությամբ իր վրա է վերցրել «ՀԷՑ»-ի կառավարման պարտականությունը:  Ընկերության կառավարումը կլինի պարզ, հանրության համար հասկանալի ու թափանցիկ՝  հիմնված կորպորատիվ պատասխանատվության կարևորագույն բաղկացուցչի վրա:

«ՀԷՑ» զարգացման գերակա նպատակներից  է հակաճգնաժամային ծրագրի ներդրումը, ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացումը, սպասարկման որակի բարձրացումը և «ՀԷՑ»-ի ֆինանսա-տնտեսական վերահսկողության ապահովումը՝  այդ թվում նաև համապատասխան նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով։

Նախևառաջ, նախատեսում ենք արդյունավետ ներդրումների միջոցով բաշխիչ ցանցերի ենթակառուցվածքի արդիականացում: Համընդհանուր անզիջում պայքար ենք մղելու արատավոր երևույթների, կոռումպացված աշխատողների և անբարեխիղճ սպառողների դեմ և ներքին ռեսուրսների կենտրոնացմամբ, այդ թվում նաև՝  էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմամբ կրճատելու ենք Ընկերության ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել «ՀԷՑ»-ի  մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից:

3 միլիոն բնակչության շահը մեզ համար, անկասկած, առաջնային է և չի կարող համեմատվել որոշ կոռումպացված աշխատակիցների ու անբարեխիղճ սպառողների շահի հետ:

Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում եմ ընդունել իմ անձնական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015թ. օգոստոսի 1-ից բարձրացված սակագների տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար:

Պատրաստ ենք նոր մոտեցումների, նոր որակի աշխատանքի և անկեղծ, կառուցողական գործընկերային փոխհարաբերությունների հաստատմանը:

Շնորհակալություն ակնկալվող սերտ համագործակցության համար:

Share