Բաժին. Տնտեսական

Կարեն Ճշմարիտյանը մասնակցել է Թբիլիսի. Մետաքսի ճանապարհ համաժողովին

Հոկտեմբերի 15-16-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիում կայացած «Թբիլիսի. մետաքսի ճանապարհ» խորագրով համաժողովին:

Վրաստանի կառավարության կողմից նախաձեռնված և ՉԺՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կազմակերպված  այս համաժողովի ընթացքում քննարկվել են Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծի շրջանակներում տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի ընդգրկուն շրջանակ: Մասնավորապես, քննարկվել են Մետաքսի ճանապարհի գոտում առևտրի դյուրացման, էներգետիկայի  և տրանսպորտի բնագավառում առավել նշանակալից տարածաշրջանային նախագծերի իրականացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները:

Վրաստանի մայրաքաղաք կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: Մասնավորապես` հոկտեմբերի 16-ին Կարեն Ճշմարիտյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի ու Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության խորացման նոր հնարավորությունները:

Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է նաև Չեխիայի առևտրի և արդյունաբերության նախարար Ջան Մլադեկի, Ասիական զարգացման բանկի (ADB) փոխնախագահ Վենկաի Ժանգի, ԱՄՆ-ի առևտրային քարտուղարի տեղակալ Բրյուս Էնդրյուսի,  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան Ույգուր Ինքնավար Մարզի կառավարիչ Խուկերատ Զակիրի, ինչպես նաև Աֆղանստանի էկոնոմիկայի նախարար Աբդուլ Սաթար Մուրադի հետ:

Share