Բաժին. Տնտեսական

էկոնոմիկայի նախարարությունը կանխատեսում է արտահանման ծավալների աճ

Ընթացիկ տարվա համար էկոնոմիկայի նախարարությունը կանխատեսում է արտահանման ծավալների աճ:

Ինչպես նշվում է նախարարության հայտարարության մեջ՝ չնայած արտաքին առևտրի որոշակիորեն անբարենպաստ պայմաններին՝ հանքահումքային արտադրանքների համաշխարհային գների նվազում, արտարժութային շուկայում տարեսկզբին գրանցված և դեռևս ոչ ամբողջությամբ կայունացած շոկեր, մեր երկրի արտահանման ծավալները, ընդհանուր առմամբ, վերականգնողական միտումներ են դրսևորում, ինչը թույլ է տալիս տարվա կտրվածքով ակնկալել արտահանման աճ:

Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 3 մլրդ  457.3 մլն ԱՄՆ դոլարի կամ շուրջ 1 տրիլիոն 651.5 մլրդ ՀՀ դրամի առևտուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 20%-ով:

Հաշվետու ինն ամսում արտաքին առևտրի ծավալում արտահանումը կազմել է 1 մլրդ 95.6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝  2 մլրդ 361.7 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ արտահանման ծավալը կրճատվել է շուրջ 1%-ով, իսկ ներմուծման ծավալը կրճատվել է ավելի քան 26%-ով:

Նախարարության կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների համաձայն՝  հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, մեր երկիրը ծխախոտի արտահանման ոլորտում գրանցել է շուրջ 69% աճ, դեղագործական արտադրատեսակների արտահանման ոլորտում՝ 23% աճ, հիմնային մետաղների արտահանման ոլորտում՝ 16% աճ, իսկ սննդամթերքի արտահանման ոլորտում՝ 17% աճ: Հաշվետու ամիսներին ադամանդի արտահանման ծավալները պահպանվել են նախորդ տարվա գրեթե նույն մակարդակում:

Միևնույն ժամանակ, հայկական արտադրության խմիչքների արտահանման ծավալները կրճատվել են 22%-ով:

Share