Բաժին. Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Սլովակիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին

Հոկտեմբերի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վազիլ Գուդակի գլխավորած պատվիրակությանը:

Կարեն Ճշմարիտյանն իր խոսքում նշել է, որ առկա է մեծ ներուժ երկկողմ և բազմակողմ համագործակցության համար և անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը և լիարժեքորեն օգտագործել եղած հնարավորությունները համագործակցության նոր եզրեր և ուղիներ գտնելու համար:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հյուրերին համառոտ ներկայացրել է ինովացիոն պետական քաղաքականությունը և «Հայաստան. Կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. Ինովացիոն զարգացման ուղին» հայեցակարգի նախագիծը: Նա նաև ծանոթացրել է Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու առանձնահատկություններին ու առավելություններին, արտաքին առևտրի բարենպաստ պայմաններին և կարևորել համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, ինովացիաների և զբոսաշրջության ոլորտներում:

Սլովակիայի էկոնոմիկայի նախարարն իր հերթին կարծիք է հայտնել, որ համագործակցությունը կարող է արդյունավետ լինել էներգետիկայի ոլորտում, մասնավորապես արևային և այլընտրանքային էներգետիկայի, ինչպես նաև ինովացիոն բնագավառում:

Վազիլ Գուդակն առաջարկել է կազմակերպել հայ-սլովակյան գործարար համաժողով, ինչպես նաև հրավիրել է Կարեն Ճշմարիտյանին այցելել Բրատիսլավա:

Share