Բաժին. Տնտեսական

Ինն ամսում Հայաստան է ժամանել շուրջ 932.5 հազար զբոսաշրջիկ

Հուլիս-սեպտեմբեր ամիսներին մեր հանրապետություն են ժամանել 443,08 հազար զբոսաշրջիկներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկիր ժամանած զբոսաշրիկների թիվը կրճատվել է շուրջ 0.2%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակած տվյալները:

Նշենք, որ ընթացիկ տարվա ապրիլ-հունիս ամիսներին մեր հանրապետություն էր ժամանել 256,9 հազար զբոսաշրջիկ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1.8%-ով: Միևնույն ժամանակ, հունվար-մարտին ժամանել էր շուրջ 232,5 հազար զբոսաշրջիկ: 2014 թվականին նույն ժամանակաշրջանում գրանցված ցուցանիշի համեմատ մեր երկիր ժամանած զբոսաշրջիկների թիվը նվազել էր 4%-ով:

Համադրելով հրապարակված տվյալները՝ կարելի է հաշվարկել, որ ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Հայաստան է ժամանել 932.48 հազար զբոսաշրջիկ: 2014 թվականի առաջին ինն ամսվա արդյունքներով ցուցանիշը կազմել էր 941,15 հազար զբոսաշրջիկ:

Հայաստան այցելած զբոսաշրջիկների մոտ մեկ երրորդը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, մասնավորապես Ռուսաստանին, ինչպես նաև Եվրամիության երկրներին, մասնավորապես՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա:

Հաշվետու ամիսներին զգալի աճել է Իրանից Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների թիվը:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010) միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Share