Բաժին. Տնտեսական

Հայաստանի մաքսային ծառայողները խորացրել են մասնագիտական պատրաստվածությունը

Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ և ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի առևտրային իրավունքի զարգացման ծրագրի աջակցությամբ Երևանում անցկացվել է մաքսային արժեքի որոշման, ապրանքների դասակարգման ու հետբացթողումային ստուգման ընթացակարգերի հարցերով երրորդ աշխատաժողովը, որին մասնակցել է մաքսային ծառայության շուրջ 30 աշխատակից: ՀՀ ՖՆ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանի խոսքով, ծրագրի նպատակն է Հայաստանի մաքսային ծառայողների մասնագիտական պատրաստվածության հետագա կատարելագործումն ու մաքսային գործընթացների համապատասխանության ապահովումը միջազգային նորմերին և գործելակարգին. «Ամերիկյան փորձագետների հետ կազմակերպել ենք գործնական քննարկումներ մաքսային արժեքի որոշման, ապրանքների դասակարգման և հատբացթողումային ստուգման թեմաներով, որոնց արդյունքում կատարվել են համապատասխան վերլուծություններ և անհրաժեշտության դեպքում տրվել են ցուցումներ` տեղերում աշխատանքի կազմակերպման վերաբերյալ»: Աշխատաժողովի մասնակից ԱՄՆ փորձագետներին տպավորել է Հայաստանի մաքսային համակարգի աշխատակիցների մասնագիտական կարողությունները: Նրանց գնահատմամբ, հայ մասնագետները շատ կիրթ են ու զարգացած: Եռօրյա աշխատաժողովում դասախոսությունների, վարժությունների, խմբային քննարկումների միջոցով անդրադարձ է կատարվել մաքսային արժեքի և ռիսկերի գնահատման, ստուգման թիրախների ընտրության, ներմուծողների ինքնահայտարարագրման, ոչ ամբողջական տեղեկատվության ու փաստերի բացակայության պարագայում ստուգումների անցկացման և բազմաթիվ այլ հարցերի: Աշխատաժողովի ավարտին ՀՀ ՖՆ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը միջոցառման մասնակիցներին հանձնել է հավաստագրեր:

Share