Բաժին. Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը մասնակցել է Բանգկոկում կազմակերպված Ազգային գնահատման կարողությունների 4-րդ միջազգային համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հոկտեմբերի 26-ից 30-ը Թաիլանդի Թագավորության մայրաքաղաք Բանգկոկում մասնակցել է Ազգային գնահատման կարողությունների 4-րդ միջազգային համաժողովին:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2015 թվականը հռչակվել է որպես գնահատման տարի` հիմքում ունենալով համաշխարհային հանրության կողմից սեպտեմբերին որդեգրված զարգացման նոր օրակարգը` Կայուն զարգացման նպատակները: Երկու տարի պարբերականությամբ անցկացվող այս Համաժողովի նպատակը միջազգային հարթակ ապահովելն է գնահատման կարողությունների և գործողությունների ուղղությամբ ազգային մակարդակում առկա մարտահրավերները քննարկելու, փորձի փոխանակում իրականացնելու և երկարաժամկետ նախաձեռնությունների համար միջավայր ձևավորելու, զարգացող երկրների միջև կամ եռաչափ համագործակցության միջոցով հանրային քաղաքականության գնահատման ազգային կարողություները զարգացնելու համար:

Այս տարվա համաժողովի խորագիրն էր` «Միավորել գնահատման սկզբունքները մարդկային զարգացման փորձին, փոխել մարդկանց կյանքը», և օրակարգային հիմնական շեշտադրումը եղել է 2016-2020թթ. Գլոբալ գնահատման օրակարգի առաջնահերթությունների շուրջ համաձայնության հաստատումը, Կայուն զարգացման նպատակների պահանջներից բխող` ազգային մակարդակում քաղաքականության գնահատման կարողությունների ձևավորման նպատակով մոտեցումների քննարկումը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը համակարգել է Համաժողովի 7-րդ նստաշրջանը, որը նվիրված էր միջտարածաշրջանային ազգային գնահատման կարողությունների հնարավորություններին, մարտահրավերներին և քաղված դասերին: Նստաշրջանին մասնավորապես հնչեցվել է, որ գնահատման և մոնիտորինգի համակարգերն ըստ երկրների առանձնահատուկ են` կախված երկրի համատեքստից, այդ թվում` ինստիտուցիոնալ կարգավորումների, մասնակիցների ընդգրկվածության, գործիքների, մեխանիզմների և մի շարք այլ առումներով:

Առանձնացվել է զարգացող երկրների, որպես զարգացման արդյունքների կրողների և առաջնային պատասխանատուների դերը քաղաքականության գնահատման մշակույթի տեղայնացման ու զարգացման, գործընթացները թափանցիկ և հաշվետվողական դարձնելու տեսանկյունից` միաժամանակ կարևորելով զարգացման գործընկեր կառույցների և զարգացած երկրների նշանակալի դերակատարումը հատկապես կուտակված գիտելիքի և փորձի փոխանցման առումով:

2015 թվականի Ազգային գնահատման կարողությունների համաժողովի աշխատանքների արդյունքում, որպես եզրափակիչ փաստաթուղթ, ընդունվել է Գլոբալ գնահատման օրակարգի Բանգկոկի հռչակագիրը:

Share