Բաժին. Տնտեսական

Սերգո Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական ընկերակցության պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական ընկերակցության (IFC) համատեղ աշխատախմբին, որը գլխավորում էր Բեքզոդ Շամսիևը: Հանդիպման նպատակն էր քննարկել Համաշխարհային բանկի Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (CARMAC) երկրորդ ծրագրի իրականացման ընթացքը:

CARMAC 2 ծրագրի հիմնական նպատակներն են բարելավել արոտավայրերի և անասնապահության համակարգերի արտադրողականությունն ու կայունությունը թիրախային համայնքներում և ապահովել ընտրված բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաներում արտադրվող և շուկայահանվող արտադրանքի ծավալների աճ: Ծրագրի շրջանակներում մշակված միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2015-2019 թվականների ընթացքում:

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության առաջին ծրագրի շնորհիվ մեզ հաջողվել է լուրջ հաջողություններ գրանցել գյուղատնտեսության բնագավառում, հատկապես անասնապահության ոլորտում: Սակայն ներկայիս իրողությունները թելադրում են վերանայել իրականացվող ծրագրերը` նրանցում ընդգրկելով նոր թիրախային խնդիրներ», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Ոլորտի առաջնահերթ խնդիրների թվում նախարարը մասնավորապես  մատնանշել է գյուղմթերքի շուկայահանման և իրացման, սպանդանոցների, սառնարանային տնտեսությունների, կաթի, մսի, պտուղ-բանջարեղենի վերամշակման արտադրամասերի կառուցման, խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման, ֆիլոքսերազերծ տնկարանային տնտեսության հիմնման և հյուսվածքային լաբորատորիայի ստեղծման, անասնաբուժական սպասարկման նոր կենտրոնների կառուցման, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների հզորացման անհրաժեշտությունը:

Շեշտելով ՀՀ ԳՆ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնին, Երկրագործության գիտական կենտրոնին և Ագրոքիմիական ծառայությանը նորագույն տեխնիկայով ապահովելու կարևորությունը` նախարարն ընդգծել է, որ այս խնդիրների լուծման ուղղությամբ ակնկալվում է միջազգային կառույցների, այդ թվում` նաև Համաշխարհային բանկի աջակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև CARMAC 2 ծրագրի շրջանակում կաթի, մսի, մրգի, բանջարեղենի, բարձրարժեք հատապտղի և մեղրի ոլորտների արտադրողներին, վերամշակողներին և արժեշղթայի այլ մասնակիցներին աջակցության ցուցաբերելու հարցը:

Ծրագրերի ավագ պատասխանատու Արուսյակ Ալավերդյանն իր հերթին գոհունակությամբ նշելով CARMAC 1 ծրագրի արդյունավետությունը` հույս է հայտնել, որ երկրորդ ծրագիրը կլինի ավելի արդյունավետ և արդյունքում ոլորտում կհաջողվի գրանցել ավելի բարձր ցուցանիշներ: 

Աշխատախմբի ղեկավար Բեքզոդ Շամսիևը վստահեցրել է, որ նախարարի կողմից ներկայացված բոլոր առաջարկություններն առաջիկայում կուսումնասիրվեն:

Հանդիպմանը քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցեր ևս:

Share