Բաժին. Տնտեսական

ԿԲ. Տնային տնտեսությունների վարկային պարտավորությունները կազմում են շուրջ 927.2 մլրդ դրամ

Ընթացիկ տարվա առաջին կեսի արդյունքներով մեր երկրում բանկերի, վարկային կազմակերպությունների և գրավատների նկատմամբ տնային տնտեսությունների ընդհանուր պարտավորությունները կազմել են 927.2 մլրդ դրամ: Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական Բանկից (ԿԲ)՝ տարեսկզբի համեմատ ցուցանիշը նվազել է, ինչը մեծապես պայմանավորված է եղել դրամային սպառողական վարկերի և մասամբ՝ արտարժութային հիփոթեքային վարկերի կրճատմամբ:

Տարվա վեց ամիսների կտրվածքով՝ 3.2%-ով նվազել է բանկերի նկատմամբ վարկային պարտավորությունների ծավալը, իսկ վարկային կազմակերպությունների և գրավատների նկատմամբ պարտավորություններն աճել են համապատասխանաբար 3.0% և 8.7%-ով: ԿԲ գնահատմամբ՝ նշված միտումը վկայում է բանկերի կողմից վարկավորման պայմանների համեմատական խստացման պարագայում սպառողական վարկավորման շուկայում վարկային կազմակերպությունների և գրավատների կողմից առաջարկվող ծառայությունների պահանջարկի աճի մասին:

Ըստ ներկայացված տվյալների՝ նվազել են սպառողական բոլոր վարկատեսակների ծավալները (5.8%), բացառությամբ ոսկու գրավով վարկերի: Առավել մեծ է եղել ավտովարկերի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի ձեռքբերման վարկերի նվազումը, ինչի պարագայում ընդհանուր սպառողական վարկավորման կառուցվածքում աճել են ոսկու գրավով և քարտային վարկերի մասնաբաժինները` կազմելով համապատասխանաբար 38.9% և 24.1%:

Share