Բաժին. Տնտեսական

Մեր երկրի բանկային համակարգում օտարերկրյա կապիտալը կազմում է ավելի քան 67%

Ընթացիկ տարվա առաջին վեց ամսում մեր երկրի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 1.9%-ով (9.1 մլրդ դրամով), իսկ ընդհանուր ակտիվները՝ նվազել 5.0%-ով (171.7 մլրդ դրամով): Արդյունքում, ընդհանուր կապիտալի և ակտիվների հարաբերակցության ցուցանիշը (լևերիջ) ավելացել է 1.0 տոկոսային կետով և կազմել 14.8%:

Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական Բանկից՝ ընդհանուր կապիտալի աճը ապահովվել է 3 բանկի կողմից արտաքին աղբյուրների հաշվին ընդհանուր 21.9 մլրդ դրամ կանոնադրական կապիտալի համալրման հաշվին: Արդյունքում, ոչ ռեզիդենտների մասնակցության տեսակարար կշիռը բանկային համակարգի կանոնադրական կապիտալում ավելացել է 0.9 տոկոսային կետով և կազմել 67.4%:

Նշենք նաև, որ տարվա առաջին կիսամյակում մեր երկրում անվանական ՀՆԱ-ի աճի տեմպը գերազանցել է բանկային համակարգի հիմնական հաշվեկշռային ցուցանիշների աճի տեմպերը, ինչի արդյունքում նվազել են բանկային միջնորդությունը բնութագրող հիմնական ցուցանիշները:

Տարեսկզբի համեմատ բանկային համակարգի ակտիվներ/ՀՆԱ, վարկեր/ՀՆԱ, ավանդներ/ՀՆԱ և փողի զանգված/ ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշները նվազել են համապատասխանաբար 10.4, 6.3, 3.4 և 2.9 տոկոսային կետով՝ կազմելով 65.0%, 39.5%, 32.1% և 34.5%:

Տարեսկզբի համեմատ Հայաստանում գործող 22 բանկերից 4 խոշորագույն բանկերի ակտիվների և պարտավորությունների մասնաբաժինները նվազել են համապատասխանաբար 0.4 և 0.1 տոկոսային կետով և կիսամյակի վերջին կազմել համապատասխանաբար 42.3 % և 43.7%: Ընդհանուր կապիտալում 4 խոշորագույն բանկերի մասնաբաժինը մնացել է անփոփոխ՝ 37.1%:

Share