Բաժին. Տնտեսական

Միջազգային շուկայում ոսկու և նավթի գների կտրուկ տատանումներ չեն սպասվում

Տարվա առաջին կեսին համաշխարհային շուկայում ոսկու միջին գինը կազմել է 1207 ԱՄՆ դոլար` մեկ տրոյական ունցիայի դիմաց: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է մոտ 6.6%-ով:

Միևնույն ժամանակ նվազել է նաև «սև ոսկու» գինը: Հունվար-հունիսին Brent տեսակի նավթի կիսամյակային միջին գինը կազմել է 58.0 ԱՄՆ դոլար/բարել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գները նվազել են 46.7%-ով՝ պայմանավորված նավթի գերառաջարկով, մասնավորապես՝ ԱՄՆ-ում թերթաքարային գազի արտադրության էական ընդլայնմամբ, նավթի շուկա Իրանի մուտքով, ինչպես նաև շուկայի իր մասնաբաժնի պահպանման նպատակով ՕՊԵԿ-ի կողմից արդյունահանվող նավթի ծավալների պահպանմամբ:

Կանխատեսումների համաձայն՝ կարճաժամկետ հեռանկարում համաշխարհային տնտեսության վերականգնման կանխատեսվող տեմպերի պայմաններում ոսկու գների կտրուկ տատանումներ չեն ակնկալվում: Ինչ վերաբերում է  «սև ոսկու» գներին, ապա դրանց  ներկա ցածր մակարդակն ապահովող և հետագայում դրանց էական աճը կանխող հիմնական գործոններն են Իրանի` նավթի շուկա մուտք գործելու հանգամանքը, ինչպես նաև Չինաստանի տնտեսական աճի նվազման շարունակականության մտավախությունները:

Share