Բաժին. Տնտեսական

Հոկտեմբերին սպառողական գները փոքր-ինչ նվազել են

Հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, մեր երկրի սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների գնանկումով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում պարենային ապրանքների, ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ գները նվազել են 1.4%-ով: Միևնույն ժամանակ, ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների ու սակագների՝ համապատասխանաբար 1.0% և 0.1% հավելաճ:

Նախորդ ամիս՝ հոկտեմբերին, տարեսկզբի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 97.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 92.5%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.7%, ծառայությունների սակագներինը՝ 101.2%:

Այս տարվա հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 0.02% հավելաճ:

Նշենք նաև, որ հոկտեմբերին, 2014 թվականի հոկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 101.9%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 99.4%, ոչ պարենային ապրանքներինը` 105.8%, ծառայությունների սակագներինը` 101.7%: Հունվար-հոկտեմբերին, 2014 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ, ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 104.4%, 104.1%, 105.9% և 103.1%:

Share