Բաժին. Տնտեսական

Մանրածախ առևտրի 55%-ը բաժին է ընկնում փոքր խանութներին և կրպակներին

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի մանրածախ առևտրի ոլորտում գործել է 13 հազար 216 խանութ, որոնց միջոցով իրականացված առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 670,54 մլրդ ՀՀ դրամ:

Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ մանրածախ առևտրի ընդհանուր ծավալից 298,13 մլրդ ՀՀ դրամը բաժին է ընկել միջին դասվող խանութներին (այս խանութներն ունեն 50-249 աշխատող): Գերփոքր խանութները, որոնք ունեն մինչև 9 աշխատող, հաշվետու ամիսներին իրականացրել են 221,05 մլրդ ՀՀ դրամի առևտուր:

Միևնույն ժամանակ, փոքր խանութները, որոնք ունեն  10-49 աշխատող, իրականացրել են 147,80 մլրդ ՀՀ դրամի առևտուր, իսկ խոշոր խանութները, որտեղ աշխատում է 250 և ավելի մարդ, իրականացրել են 3,55 մլրդ ՀՀ դրամի առևտուր:

Արդյունքում, գերփոքր խանութներին բաժին է ընկել մեր հանրապետությունում իրականացված մանրածախ առևտրի 33%-ը, փոքր խանութներին՝ 22%-ը, միջին խանութներին՝ 44.5%-ը, իսկ խոշոր խանութներին՝ 0.5%-ը:

Նշենք նաև, որ մեր երկրում գործում է 12 հազար 597 գերփոքր խանութ, 529 փոքր խանութ, 89 միջին խանութ, 1 խոշոր խանութ:

Share