Բաժին. Տնտեսական

Հայաստանում իրականացվող շինարարության 10%-ը բաժին է ընկնում միջազգային վարկերին

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկրում միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացվել է 27,20 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել է 20%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հունվար-սեպտեմբերին միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության զգալի մասը բաժին է ընկել Համաշխարհային բանկի և Ասիական Զարգացման Բանկի վարկային միջոցներին՝ համապատասխանաբար 8,69 մլրդ ՀՀ դրամ և 11,64 մլրդ ՀՀ դրամ:

Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Համաշխարհային բանկի ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարության ծավալներն աճել են մոտ 2 անգամ, իսկ Ասիական Զարգացման Բանկի վարկային միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալները պահպանվել են գրեթե նույն մակարդակում:

Միևնույն ժամանակ, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի միջոցների հաշվին իրականացվել է 2,06 մլրդ ՀՀ դրամի շինարարություն, իսկ Գերմանիայի զարգացման բանկի միջոցների հաշվին՝ մոտ 1.0 մլրդ ՀՀ դրամի շինարարություն:

Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության մասնաբաժինը շինարարության համախառն ծավալում կազմել է շուրջ 10.6%:

Share