Բաժին. Տնտեսական

Կայացել է հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը

Նոյեմբերի 10-11-ին Աշգաբադում տեղի ունեցավ հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 7-րդ նիստը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ե. Զախարյանի և Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Սապարդուրդի Տոյլիևի նախագահությամբ։ Քննարկվեցին համագործակցության հնարավորություններին առնչվող բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին էներգետիկային, գիտությանը և կրթությանը, մշակույթին, առողջապահությանը, զբոսաշրջությանը և սպորտին, գյուղատնտեսությանը, ավիացիային, առևտրատնտեսական հարաբերություններին։ Անդրադարձ կատարվեց նախորդ նիստում նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքին։ Երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրեցին կատարված աշխատանքների արդյունքները։

Իր ելույթում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարն առանձնացրեց այն հանգամանքը, որ Հայաստանի և Թուրքմենստանի տնտեսությունների միջև առկա է մեծ պոտենցիալ և այն իրացնելու համար առաջարկեց կազմակերպել տնտեսական համաժողովներ՝ երկու երկրների գործարարների և արդյունաբերողների մասնակցությամբ։ Ե. Զախարյանը կարևորեց Աշգաբադ-Երևան ուղիղ չվերթի բացման նպատակահարմարությունը, ինչը, նախարարի կարծիքով, լուրջ խթան կարող է դառնալ ոչ միայն տնտեսական հարաբերությունների զարգացման, այլև զբոսաշրջության ընդլայնման համար։

Հայ-թուրքմենական գործակցության համար բարենպաստ հիմքեր են ստեղծում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կողմից մի շարք, մասնավորապես՝ կենսատեխնոլոգիաների և միկրոբիոլոգիայի ոլորտներում առաջարկված   համագործակցության ծրագրերը։ Ակնկալվում է ակտիվացնել համագործակցությունը նաև գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման, սելեկցիայի և սերմացուների արտադրության մեջ։

Աշխատանքների ավարտին ստորագրվել է հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի Արձանագրությունը։

Share