Բաժին. Տնտեսական

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Չինաստանի Ֆուցզյան նահանգի պատվիրակությանը

Նոյեմբերի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուցզյան նահանգի Արտաքին գործերի գրասենյակի գլխավոր տնօրենի տեղակալ Լի Հոնգի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՉԺՀ պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, ինչպես նաև նախարարության պատասխանատու աշխատակիցներ:

Կարեն Ճշմարիտյանը ողջունել է Լի Հոնգին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին և հայտնել իր պատրաստակամությունն` աջակցելու չինական ընկերություններին իրենց նախաձեռնություններում:

Լի Հոնգը շնորհակալություն է հայտնել էկոնոմիկայի նախարարին ջերմ ընդունելության համար և, ներկայացնելով Ֆուցզյան նահանգը որպես Չինաստանի ամենադինամիկ զարգացող նահանգներից մեկը, հույս է հայտնել, որ երկու կողմերի միջև արդյունավետ համագործակցության հիմք կդրվի:

Հանդիպման ընթացքում նաև շվել է, որ, չնայած Չինաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը գնալով աճ է գրանցում, սակայն Ֆուցզյան նահանգի և Հայաստանի միջև առևտրական հանագործակցությունն այնքան էլ ակտիվ չէ, և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Լի Հոնգի գլխավորած պատվիրակությունը նպատակ ունի խթանել երկու կողմերի միջև առևտրաշրջանառությունը, դիտարկել Հայաստանից դեպի Ֆուցզյան նահանգ ապրանքների արտահանման հնարավորությունները և խրախուսել Ֆուցզյան նահանգից դեպի Հայաստան ներդրումների իրականացումը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հյուրերին ներկայացրել է Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի որոշ առավելությունները, մասնավորապես` ՀՀ կառավարության կողմից որդեգրված բաց դռների քաղաքականությունը, ԵԱՏՄ անդամ երկրների շուկաների ուղղակի հասանելիությունը, առևտրի արտոնյալ ռեժիմները ԵՄ (GSP+), ԱՄՆ, Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Ավստրալիայի և Շվեյցարիայի (GSP) հետ, Հայաստանի տարածքում առկա ազատ տնտեսական գոտիներում գործող ընկերություններին տրվող արտոնությունները: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանում կան բոլոր պայմանները ներդրումներ կատարելու համար:

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ դիտարկել չինական կողմի հետ համագործակցության ուղիներ չինական պատվիրակությանը հետաքրքրող ոլորտներում: Այդպիսի ոլորտներից են եղել գինու և կոնյակի արտադրության ոլորտները:

Չինական կողմը ցանկություն է հայտնել ծանոթանալու Հայաստանում ազատ տնտեսական գոտիների գործունեությանը, և այդ նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատվիրակության համար կազմակերպել է այց «Ալյանս» ազատ տնտեսական գոտի:

Նոյեմբերի 12-ին կազմակերպվել է նաև հանդիպում Հայաստանի զարգացման հիմնադրամի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուցզյան նահանգի պատվիրակության միջև: Չինական կողմին ներկայացվել է Հայաստանի ներդրումային միջավայրի մասին շնորհանդես:

Հանդիպման ավարտին Հայաստանի համայնքների միության և Արտասահմանյան երկրների հետ բարեկամության Ֆուցզյանի ազգային ասոցիացիայի միջև կնքվել է բարեկամական համագործակցային հարաբերությունների հաստատման մասին հուշագիր, որի նպատակն է ընդլայնել երկու ռեգիոնների միջև բարեկամական համագործակցությունը, մասնավորապես տնտեսության, առևտրի, մշակույթի, առողջապահության, կրթության, տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի պահպանության և այլ ոլորտներում:

Share