Բաժին. Տնտեսական

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Ֆրանսիայի Ռոն Ալպի տարածաշրջանի պատվիրակությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Ֆրանսիայի  Հանրապետության Ռոն Ալպի տարածաշրջանի խորհրդի անդամ, խորհրդի փոխնախագահ Էդուարդ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, տնօրենի տեղակալ Հայկ Միրզոյանը:
 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ողջունելով Էդուարդ Սիմոնյանին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին, պատրաստակամություն է հայտնել աջակցելու համագործակցության հետագա զարգացմանը:

Էդուարդ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարարին ջերմ ընդունելության համար և ներկայացրել Ռոն Ալպի տարածաշրջանը որպես Ֆրանսիայի երկրորդ տարածաշրջան` զարգացած զբոսաշրջությամբ և գինեգործությամբ: Նա ներկայացրել է Ռոն Ալպի տարածաշրջանի աջակցությամբ Հայաստանում իրականացված միջոցառումները և նշել, որ իրենց նախաձեռնություններն ուղղվում են հիմնականում հեռավոր համայնքների զարգացմանը, այդ թվում` համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջային տների ցանցի ընդլայնմանը, քայլարշավային երթուղիների մշակմանը, ինչպես նաև գինեգործության զարգացմանը:

Կարևորելով համայնքների, հատկապես սահմանային համայնքների զարգացումը, ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ համայնքներում  զբոսաշրջությունը և գինեգործությունը զարգացնելու ֆրանսիական կողմի նախաձեռնությունները և բոլոր առաջարկները կքննարկվեն  Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ:

Share