Բաժին. Տնտեսական

Կարեն Ճժմարիտյանն ընդունել է ԱՄՆ Առևտրի փոխներկայացուցչի տեղակալ Բեթսի Հաֆների գլխավորած պատվիրակությանը

Նոյեմբերի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է ԱՄՆ Առևտրի փոխներկայացուցչի տեղակալ Էլիզաբեթ (Բեթսի) Հաֆների գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, նախարարության այլ պատասխանատու աշխատակիցներ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նոյեմբերի 17-ին Երևանում կայանալիք Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի առաջին նիստի օրակարգային հարցերը:

Կարևորելով ԱՄՆ հետ տնտեսական կապերի ամրապնդումն ու զարգացումը, Կարեն Ճշմարիտյանը հույս է հայտնել, որ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի նիստի ընթացքում կողմերին կհաջողվի գտնել համագործակցության նոր  հնարավորություններ:

«Վերջին մեկ տարվա ընթացքում գերազանց առաջընթաց է արձանագրվել երկկողմ ներդրումների և առևտրի բնագավառում: Մենք ակնկալում ենք կարծիքների գործուն փոխանակում՝ երկկողմ առևտրի և Հայաստանում ներդրումային միջավայրի հետագա բարելավման հարցերի շուրջ», – ասել է ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի փոխտեղակալ Էլիզաբեթ Հեֆները:

Share