Բաժին. Տնտեսական

Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի առաջին նիստը` Երևանում

Նոյեմբերի 17-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի առաջին նիստը:

Խորհուրդը հիմնվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև  2015թ. մայիսի 7-ին ստորագրված առևտրի և ներդրումների շրջանակային Համաձայնագրի հիման վրա` հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ամրապնդման և հետագա խորացման, երկու երկրների միջև ապրանքների և ծառայությունների առևտրի ընդլայնման նպատակով:

Հայաստանի պատվիրակության ղեկավարը և Խորհրդի նիստի հայկական կողմի համանախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, իսկ ԱՄՆ պատվիրակության ղեկավարը և ամերիկյան կողմի համանախագահը` ԱՄՆ Առևտրի փոխներկայացուցչի տեղակալ Բեթսի Հաֆները:

Խորհրդի նիստին ամերիկյան կողմը մասնակցել է բարձրաստիճան պատվիրակությամբ` ԱՄՆ առևտրի դեպարտամենտից, Պետքարտուղարությունից և Առևտրի ներկայացուցչի գրասենյակից: Նիստին ներկա է եղել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

Հայկական կողմից նիստի աշխատանքներին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի, ֆինանսների, գյուղատնտեսության նախարարությունների, Հայաստանի զարգացման հիմնադրամի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության, Հայաստանում ԱՄՆ առևտրի պալատի, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Նիստին մասնակցել են նաև ոլորտային փորձագետներ և շուրջ 60 գործարարներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ողջույնի խոսքում նշել է. «Հայաստանը պատրաստ է դառնալ միջազգային գործարար համայնքի շահերի կենտրոն` բիզնես գործունեության համար բարենպաստ պայմաններին հավելելով ավանդական հայկական հյուրընկալությունը: Այս համատեքստում կառաջարկեի դիտարկել նաև միջազգային խոշոր ընկերությունների Հայաստանում գլխամասային կենտրոններ հիմնելու հնարավորությունները: Առավել ևս, որ ԱՄՆ ներդրողները վաղուց գնահատել են Հայաստանի հնարավորությունները, մասնավորապես` ծառայությունների, զբոսաշրջության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, խորհրդատվության ոլորտներում»:

Խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև փոխադարձ առևտրի և ներդրումների աճի հնարավորություններն ու հեռանկարները: Օրակարգում եղել են նաև մտավոր սեփականության իրավունքին, մաքսային ձևակերպումներին, առևտրի տեխնիկական խոչընդոտներին, գյուղատնտեսության սանիտարական միջոցներին, ներդրումների խթանման ջանքերին, պետական գնումներին, Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի դյուրացման համաձայնագրին, մասնավոր հատվածի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:

«Վերհանելով ու կարգավորելով այդ խնդիրները՝ մենք կխորացնենք առևտրային հարաբերությունները Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև», – ասել է դեսպան Միլսը:

Բացի երկկողմ հանդիպումից՝ տեղի է ունեցել նաև կլոր սեղան մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի հետ: Սա առաջին հանդիպումն էր, որը նախատեսվում է շարունակել ամենամյա հաճախականությամբ:

«Առաջատար բիզնեսները և մասնավոր հատվածը կարևոր դերակատարում ունեն քաղաքականության ու կանոնակարգիչ դաշտի վերաբերյալ որոշումների ընդունման հարցում, – ասել է դեսպան Միլսը, – այս կլոր սեղանը հնարավորություն ընձեռեց շահագրգիռ կողմերին խորհրդակցել առևտրային ընթացիկ  հարցերի շուրջ»:

Նիստի արդյունքում նախատեսվում է ընդունել գործողությունների համատեղ ծրագիր և նախանշել փոխադարձ առևտրի և ներդրումների խթանման հարցում կատարվելիք հետագա քայլերը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման ուղղությունները:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը համոզմունք է հայտնել, որ. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև վերջերս ստորագրված առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրը նոր հնարավորություններ է ստեղծում ներդրումների և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, առևտրի խրախուսման համար, առկա ոլորտներում համագործակցության ընդլայնման և համագործակցության նոր ոլորտների բացահայտման համար»։

Share