Բաժին. Տնտեսական

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Օլեգ Ֆոմիչևի գլխավորած պատվիրակությանը

Նոյեմբերի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Օլեգ Ֆոմիչևի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Էմիլ Տարասյանը և Գառնիկ Բադալյանը, ՌԴ հավատարմագրման ազգային մարմնի ղեկավար Սավվա Շիպովը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության կարգավորման ազդեցության գնահատման դեպարտամենտի տնօրեն Վադիմ Ժիվուլինը և Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առևտրում տեխնիկական խոչընդոտներին ուղղված համագործակցության խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ՀՀ` ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման, այդ թվում` միջազգային ստանդարտների ընդունման, արտադրանքի համապատասխանության գնահատմանն ու շուկայահանմանն առնչվող մի շարք հարցեր:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ այս այցի նպատակն է հավատարմագրման և համապատասխանության գնահատման ոլորտներում ՀՀ և ՌԴ փորձի ներկայացումը, համագործակցության ընդլայնումը և հետագայում հավատարմագրման ոլորտում տարածաշրջանային համապատասխան ասոցիացիայի ստեղծումը: Ասոցիացիան հնարավորություն կընձեռի անդամ երկրներում տվյալ ոլորտի համապատասխանության գնահատման փաստաթղթերի միջազգային ճանաչմանը, ինչն իր հերթին կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը:

Կարևորելով երկու երկրների միջև առկա համագործակցությունը` Կարեն Ճշմարիտյանը հույս է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցություն շրջանակներում իրականացվող միջոցառումները կնպաստեն գործարար միջավայրի զարգացմանն ու առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը:

Նույն օրը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Ռուսաստանի Դաշնության տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման ոլորտը կարգավորող գործընթացը» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Օլեգ Ֆոմիչևի գլխավորած պատվիրակությունը:

Միջոցառմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Օլեգ Ֆոմիչևը հանդես են եկել ողջույնի խոսքերով:

Հայաստանի և Ռուսաստանի տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման ոլորտի ներկայացուցիչները քննարկել են ոլորտներին առնչվող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել հավատարմագրման և տեխնիկական կանոնակարգման ազգային համակարգերի զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներիին և փորձի փոխանակմանը, ԵԱՏՄ անդամակցության շրջանակում համագործակցությունը, ինչպես նաև հավատարմագրման մարմինների տարածաշրջանային ասոցիացիայի ստեղծման հեռանկարի և հավատարմագրման ազգային մարմինների միջազգային ճանաչմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:

ՌԴ պատվիրակությունը առանձին հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային մարմնի և համապատասխանության գնահատման մարմինների ներկայացուցիչների հետ:

Share