Բաժին. Տնտեսական

Մեր երկրում միջին աշխատավարձը կազմում է 181,6 հազար ՀՀ դրամ

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով մեր երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 181,675 հազար ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է շուրջ 9.2%-ով: Իրական աշխատավարձի աճը ավելի «համեստ է»՝ հաշվի առնելով հաշվետու ամիսներին գրանցված 4.4% գնաճը:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին պետական հատվածում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 162.0 հազար ՀՀ դրամ, իսկ մասնավոր հատվածում աշխատողներինը՝ 209.0 հազար ՀՀ դրամ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական աշխատողների անվանական աշխատավարձերն աճել են 11%-ով: Մասնավոր հատվածում աշխատավարձերի աճը կազմել է 7%:

Նշենք նաև, որ 2014 թվականի արդյունքներով Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել էր 171 հազար 120  ՀՀ դրամ, իսկ ընթացիկ տարվա առաջին կեսի արդյունքներով՝ 178.39 հազար ՀՀ դրամ:

Share