Բաժին. Տնտեսական

Մեղրիի և Ագարակի գազի բաշխման ցանցի կառուցումը շուտով կմեկնարկի

Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման աշխատանքները շուտով կվերսկսվեն։ Այդ մասին երեկ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ե. Զախարյանի մոտ կայացած ընդունելության ժամանակ հայտնել է ծրագրի գլխավոր կապալառու՝ իրանական «Սաներջի» ընկերության կառավարիչ տնօրեն Հ. Զամանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքների գազիֆիկացման աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։ «Սաներջի» ընկերության ղեկավարը նախարարին տեղեկացրել է, որ շարունակվում է անհրաժեշտ սարքավորումների և նյութերի տեղափոխումը Հայաստան։ Շինարարական աշխատանքները կմեկնարկեն դեկտեմբերի առաջին տասնօրյակում։

Կարևորելով ծրագրի իրականացման սոցիալական նշանակությունը՝ Ե. Զախարյանը նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագացնել գազիֆիկացման ծրագրի շինարարությունը, այն իրականացնել սահմանված ժամկետում և բարձր որակով։

Հիշեցնենք, որ Իրանի և Հայաստանի կառավարությունները դեռեւս 2011թ. դեկտեմբերին ստորագրել էին Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանին օժանդակություն հատկացնելու վերաբերյալ։ Հուշագրի շրջանակներում Իրանի կառավարությունը համաձայնել էր տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար, որպես դրամաշնորհ, Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Հայկական կողմն իր վրա է վերցրել տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: Ծրագրի իրականացումն ընդհատվել էր՝ իրանական կողմից ֆինանսավորման դադարեցման պատճառով։

Share